Ուկրաինայի ցամաքային ուժերի հրամանատարը հանդիպել է Թուրքիայի ՊՆ-ին և ցամաքային զորքերի հրամանատարին

Մարտի 23-ից պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարին։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հանրային կապերի ծառայության հայտարարությունից։ Թուրքիայի ՊՆ հետ հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Սիրսկին ասել է․

«Մենք շահագրգռված ենք, որ Թուրքիան հետագա համապարփակ աջակցություն ցուցաբերի Հյուսիսատլանտյան դաշինքին [ՆԱՏՕ-խմբ․] միանալու մեր ռազմավարական քաղաքական կուրսին»։

Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը գոհունակություն է հայտնել թուրքական կողմին՝ Ղրիմի հարցում ցուցաբերած քացաքական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության, ինչպես նաև ուկրաինացի վիրավոր զինծառայողների բուժման և վերականգնման գործում օժանդակության համար։

Ալեքսանդր Սիրսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին՝ մայիսին Ստամբուլում կայանալիք IDEF 2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին այցելելու հրավերի համար։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել։

Հիշեցնենք, որ նախատեսվում է գեներալ-գնդապետ Սիրսկիի այցը Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի ավիացիոն հրամանատարության թռիչքների պլանավորման և համակարգման կենտրոն, ցամաքային ուժերի 1-ին բանակ, Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարան (Milli Savunma Üniversitesi), ինչպես նաև թուրքական ռազմարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

Նշենք, որ վերջին երեք տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և շարժիչների արտադրության հարցում։ 2020 թ․ հոկտեմբերին կնքված համաձայնագրով Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռազմական հետախուզության տվյալներ։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ թուրքական T-929 «Աթաք»-2 հարվածային ուղղաթիռները համալրված են լինելու ուկրաինական շարժիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *