«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է, որ «Տեղական կործանիչ ինքնաթիռ» (MMU) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ամսական արտադրել 2 միավոր TF-X կործանիչ։ Դրանցից յուրաքանչյուրը կարժենա 100 մլն դոլար։
Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացված Defence and Technology կայքը։ Թ․ Քոթիլն ասել է, որ ինքնաթիռների արտադրման համար մինչ օրս Թուրքիան ստացել է 600 մլն դոլարի աջակցություն։ Ըստ նրա՝ միայն MMU ծրագրի շրջանառության ծավալից ստացվելիք տարեկան եկամուտը կկազմի 2․4 մլրդ դոլար։
TAI տնօրենի պնդմամբ՝ այժմ կործանիչների նախագծի վրա աշխատում է մոտ 1000 թուրք ինժեներ, որոնց թիվը ընկերությունը ցանկանում է հասցնել 6000-ի։ Նախագծի վրա աշխատում է նաև շուրջ 100 բրիտանացի ինժեներ։
Հարցին, թե Պակիստանը կմասնակցի արդյոք «Տեղական կործանիչ ինքնաթիռ» ծրագրին, Քոթիլը պատասխանել է, որ դա ավելի շատ դիվանագիտական խնդիր է և դեռ որևէ երկիր պաշտոնապես չի մասնակցում ծրագրին։
Նշենք, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել է 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատում են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։ Կործանիչի առաջին թռիչքն, ըստ TAI ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի՝ նախատեսվում է 2025թ.։
TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝
- Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ,
- Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ),
- Գործողության շառավիղը՝ ~1000 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ,
- Երկարությունը՝ 19 մ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ։