ՌԴ-ն անհանգստացած է սիրիական Ռաքքայում թուրքական զինտեխնիկայի տեղակայումից

Ռուսական կողմը անհանգստացած է Սիրիայի Ռաքքա նահանգի Այն Իսա բնակավայրի շրջակայքում Թուրքիայի ԶՈւ զինտեխնիկայի տեղակայմամբ և ամրաշինական աշխատանքների իրականացմամբ։ Այդ գործողությունները խախտում են փոխըմբռնման հուշագրի արդյունքում հաստատված ստատուս քվոն և խափանում են սիրիական հակամարտության հաշտեցմանն ուղղված կողմերի ջանքերը։

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին մարտի 16-ին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը:

Նշենք, որ վերջին ամիսներին սոցցանցերում տարածվել են թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգի շրջակայքում ռազմական ներկայության ավելացման մասին կադրեր։

«Թուրքիայի ԶՈւ-ն ստեղծել է իր չորրորդ ռազմաբազան Ռաքքայի հյուսիսային ծայրամասում գտնվող Այն Իսա քաղաքի դիմաց՝ M-4 միջազգային ճանապարհի հարևանությամբ»:
«Թուրքիայի ԶՈւ-ն ռադարային համակարգեր է տեղադրում Ռաքքայի հյուսիսային ծայրամասում գտնվող Այն Իսա քաղաքի շրջակայքում»:

Մինչ այդ՝ 2020 թ․ դեկտեմբերի 17-ին, հայտնի էր դարձել, որ Ռաքքայի Այն Իսա բնակավայրում ու դրա մոտակայքում «Սիրիայի ազգային բանակ» (SNA) խմբավորման թուրքամետ զինյալները մարտական գործողություններ են սկսել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման դեմ։ Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ քրդերը պայմանավորվածություն էին ձեռք բերել Ռուսաստանի և Սիրիայի կառավարության հետ Այն Իսայում երեք համատեղ դիտակետ ստեղծելու մասին, որոնք պետք է մշտադիտարկեին հրադադարի խախտումները։

Հիշեցնենք, որ 2019 թ. վերջին, երբ Թուրքիան քրդերի դեմ սկսեց իր հերթական գործողությունը, որը կոչվում էր «Խաղաղության ակունք», SDF-ի և Սիրիայի բանակի միջև պայմանավորվածությամբ կառավարական ուժերը մտել էին քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ թուրքական հարձակմանը միասին դիմագրավելու համար։

Մինչ այդ ԱՄՆ-ից ֆինանսավորվող SDF-ի ուժերը 2019 թ. վերջին ԱՄՆ նախագահի որոշմամբ մնացել էին միայնակ թուրքերի դեմ, քանի որ այդ ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում խանգարել թուրքական ուժերին ու դուրս է բերում իր զորքը։

Այն ժամանակ տեղեկություններ կային, որ Սիրիայի կառավարական ուժերը մտել են նաև Այն Իսա բնակավայր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *