Ադրբեջանում ձերբակալել են 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարին

Մարտի 15-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբերովը (Rövşən Əkbərov)։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարդասպանության հոդվածով։

Տեղեկությունը կեսգիշերին տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, առավոտյան այն հաստատել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ Աքբերովը մի քանի տարի առաջ Ուկրաինայում մարդ է սպանել։ Ադրբեջանցի գեներալը 4 ամսով կալանավորվել է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Աքբերովը և ևս մեկ գեներալ՝ 3-րդ կորպուսի հրամանատար Խագանի Ջաբրայիլովը պաշտոնանկ են արվել։ Նշվում էր, որ նրանք պաշտոնից ազատվել են դեռ 2020թ. հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ընթացքում։

Լրատվամիջոցներին որպես մեկնաբանություն Աքբերովն ասել էր, որ անտեղյակ էր իր պաշտոնանկ լինելուց, լրագրողներից է իմացել։

Նշենք, որ Ռյովշան Աքբարովը 4-րդ ԲԿ-ի հրամանատարի պաշտոնին նշանակվել էր 2015 թվականին, մինչ այդ եղել էր 3-րդ ԲԿ-ի հրամանատար։ Աքբարովը 1995-ին, դեռ Հեյդար Ալիևի կառավարման շրջանում, ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *