Թուրքիան կարևորում է ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ քննարկվող պայմանագիրը, քանի որ ակնկալում է դրա միջոցով մասնակիորեն ստանալ այդ համակարգերի տեխնոլոգիան, ինչպես նաև սկսել համատեղ արտադրություն։
Այս մասին, թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։ Նրա խոսքով՝ գործընթացը ձգձգվում է, քանի որ բանակցում են իրենց պահանջների լիովին իրագործման համար։
Ուշագրավ է, որ դեռևս 2020 թ․ մայիսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևն էր հայտարարել, որ ըստ պայմանագրի՝ երկրորդ խմբաքանակի արտադրության գործընթացում նախատեսվում է թուրքական կողմի մասամբ ներգրավվածությունը։
ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը նաև պնդել է, որ Թուրքիայի՝ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից դուրս մնալը ծրագրի մյուս անդամներին կստիպի 500-600 մլն դոլարի լրացուցիչ ծախս կատարել, քանի որ ինքնաթիռների արտադրման համար անհարժեշտ որոշ մասեր արտադրում է Թուրքիան։ Այսինքն, արդյունքում վնաս կկրեն և՛ թուրքական, և՛ ամերիկյան ընկերությունները, որն իր ազդեցությունը կունենա արտադրական գործընթացի և մատակարարման վրա։
Հավելենք, որ Թուրքիան F-35 կործանիչների համատեղ ծրագրի (Joint Strike Fighter program) անդամ էր մինչև 2019 թվականը։ Սակայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործարքի շրջանակում 2019 թ. հունիսին ռուսական համակարգերի առաջին խմբաքանակի ստանալուց հետո Թուրքիայի անունը պաշտոնապես հեռացվեց ծրագրից։