Թուրքիան Կանադային վստահեցրել է՝ կանադական համակարգով ԱԹՍ-ն Սիրիայում կօգտագործվի, բայց ուղարկել է Արցախ

Արցախյան պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 6-ին, Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց`Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը: Այժմ ասում են՝ Թուրքիան Կանադային վստահեցրել էր, որ ԱԹՍ-ներն օգտագործվելու են Սիրիայի հյուսիսում քաղաքացիականների պաշտպանության համար։

Մասնավորապես խոսքը կանադական արտադրության WESCAM CMX-15D օպտիկական համակարգերի մասին է, որոնք տեղադրվել էին թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա։ Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստանում են շատ խորը ու լավ պատկերներ: Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակվող մարտական գործողություններից տեսանյութերում մեծամասամբ օգտագործված էին հենց այս համակարգերի տեսագրությունները: Թուրքական ԱԹՍ խոցելուց հետո հայկական կողմի ցուցադրած կադրերում ևս երևաց կանադական այդ համակարգը, ինչը փաստացի ապացույց էր նրա, որ դրանցով օժտված թուրքական ԱԹՍ-ները կիրառվում են Արցախում։

Տեղեկությունը հայտնի է դարձել Կանադայի ԱԳՆ հրապարակած փաստաթղթերից։ Դրանք The Globe and Mail լրատվակայքում մեկնաբանել է պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախում աշխատած լրագրող Նիլ Հաուերը։

Ըստ հեղինակի՝ փաստաթղթում երևում է Կանադայի ԱԳ փոխնախարար Մարթա Մորգանի 2020 թ․ մայիսի 6-ի նամակն այն ժամանակվա ԱԳՆ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին, որտեղ Մորգանը խորհուրդ է տալիս թույլատրել Wescam սարքավորումների արտահանումը թուրքերին: Գրության մեջ փոխնախարարն ասել է, որ սա «բացառիկ հանգամանքների» դեպք է:

«Հիմնվելով Թուրքիայի ԱԳՆ կողմից Ձեզ տրված հավաստիացումների վրա, [կանադացի] պաշտոնյաները գնահատել են, որ դրանք նախատեսված են [Սիրիայի հյուսիսարևելյան] Իդլիբ նահանգում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար», ” ըստ աղբյուրի՝ գրել է Մորգանը։

Նիլ Հաուերը փորձել է նաև այս մասին մեկնաբանություն ստանալ Կանադայում Թուրքիայի դեսպանատնից, որտեղ հրաժարվել են փաստաթուղթը մեկնաբանել, միայն ասել են, որ համոզված են՝ «ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային արդարացված չեն և սխալ են»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *