Մարտի 12-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Պակիստանը Թուրքիային տվել է լրացուցիչ վեց ամիս ժամանակ T-129 «Աթաք» ուղղաթիռները մատակարարելու համար: Այժմ սպասում են թույլտվության գործընթացին: Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացած SavunmaSanayiST կայքը:
Նշենք, որ օրերս Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ ԱՄՆ-ն խոչընդոտել է Պակիստանին տրամադրել T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռները, քանի որ Միացյալ Նահանգները Թուրքիային չի տրամադրել լիցենզիա LHTEC-T800 շարժիչներ արտահանելու համար:
Պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են, որոնց նպատակն է Թուրքիային ստիպել հրաժարվել 2019թ․ հուլիսին գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շահագործումից:
Հիշեցնենք, որ Պակիստանին 30 միավոր T-129 «Աթաք» ուղղաթիռ տրամադրելու վերաբերյալ թուրք֊պակիստանյան պայմանագիրը կնքվել էր դեռևս 2017 թ․։ Գործարքի արժեքը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար։