ՀՀ ԶՈւ պատրաստության 2021–ի առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։
Այս մասին հայտնում է ՊՆ կայքը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն
” ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,
” ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,
” անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:
Ընդգրկվելու է շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոց, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվի նաև ավիացիա: