Արդիականացված 1-ին Տու-160Մ ռմբակոծիչը փորձարկման է հանձնվել

Ռուսական «Ռոստեխ» կորպորացիան մարտի 10-ին նախնական փորձարկման է հանձնել արդիականացված և ՆԿ-32-02 շարժիչներով հագեցած Տու-160Մ ռազմավարական ռմբակոծիչը։

Այս մասին տեղեկացնում է «Ռոստեխ»-ի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ բացի նոր շարժիչից, որոշ արդիականացված սարքավորումներով բարելավվել են նաև Տու-160Մ-ի հիմնական բնութագրերը։ Ինքնաթիռն ավարտել է գործարանային փորձարկումները և փոխանցվել «Տուպոլևի» բազային՝ հետագա փորձարկումների համար։

Տու-160Մ ռմբակոծիչն առաջին անգամ թռիչք էր կատարել 2021-ի փետրվարի 2-ին։ Պնդում են, որ ռմբակոծիչը ունի հետապնդումից ազատվելու և հակառակորդի հակաօդային պաշտպանության դաշտ ներխուժելու հնարավորություն։ Առավելագույն արագությունը 2000 կմ/ժ է։ Սպառազինության մանրամասները գաղտնի են պահվում։

Ներկայում ՌԴ ԶՈւ սպառազինությունում կա 16 միավոր Տու-160 մարտավարական ռմբակոծիչ: Ռմբակոծիչները սերիական արտադրության են դրվել ԽՍՀՄ-ում՝ 1984 թ.: Մինչև 1994 թ. արտադրվել է 35 միավոր, այնուհետև արտադրությունը դադարեցվել է:

Ավելացնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մայիսի 27-ին, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ զինված ուժերի սպառազինությունում առկա 16 միավոր Տու-160 ռմբակոծիչները պետք է արդիականացվեն:

Ավելացնենք, որ Ռուսաստանը նշված ռմբակոծիչները կիրառել է նաև 2015 թ. Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *