Թուրքիայի զինուժը ստացել է տեղական արտադրության «Հիսար Ա+» ՀՕՊ համակարգեր

Մարտի 9-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն թվիթերյան գրառմամբ հաղորդել է, որ տեղական արտադրության «Հիսար Ա+» ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը մատակարարվել են թուրքական բանակին։

Գրառման մեջ նա նաև նշել է, որ «Հիսար Օ+» միջին հեռահարության հրթիռները անցել են կրակային փորձարկումը: Ըստ Դեմիրի՝ «Հիսար Օ+» համակարգերը խոցում են թևավոր հրթիռներ, «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ և ԱԹՍ-ներ։

Նշենք, որ 2020 թ․ դեկտեմբերին ՊԱԳՎ-ն թվիթերում «Հիսար Ա+» համակարգերի վերջնական փորձարկման տեսանյութն էր հրապարակել։ Փորձարկումից հետո ՀՕՊ համակարգերն արդեն անցնելու էին սերիական արտադրության։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում նշել էր, որ թուրքական զենքի վրա էմբարգոն խանգարել էր համակարգի կարևոր մասերից մեկի ներկրմանը, բայց Թուրքիան կարողացավ ինքնուրույն արտադրել անհրաժեշտ մասը։

«Հիսար Ա+» համակարգերը «Հիսար Ա»-ի կատարելագործված տարբերակն են։ Զենքի հեռահարությունը 15 կմ է, իսկ խոցման առաստաղը՝ 8 կմ։ Կարող է միաժամանակ խոցել վեց թիրախ։ Համակարգը կարող է պաշտպանվել ուղղաթիռների, ինքնաթիռների և «օդ-մակերևույթ» հրթիռների հարվածներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *