Թուրք-կատարական BMC և հարավկորեական Doosan ու S&T Dynamics ռազմարդյունաբերական ընկերությունների միջև ձեռքբերված համաձայնության շնորհիվ Թուրքիան տեղական «Ալթայ» տանկերի համար կստանա անհրաժեշտ շարժիչներ, զրահ և փոխանցման տուփեր։
Այս մասին Defense News մասնագիտացված կայքին հայտնել է BMC ընկերության ներկայացուցիչներից մեկը։ Ըստ համաձայնության` հարավկորեական ընկերությունները կտրամադրեն շարժիչները, որոնց փորձարկման փուլի բարեհաջող ավարտից հետո 18 ամսում դրանք կինտեգրվեն տանկերին։
Հիշեցնենք, որ Թուրքիային չի հաջողվում շահագործման հանձնել «Ալթայ» տանկերը, քանի որ դրանց համար տեղական շարժիչների արտադրության փորձերը մինչ օրս ձախողվել են։ Դեռևս հարավկորեական ընկերության հետ ձեռքբերված առաջին համաձայնության հիման վրա ստեղծվել էր 100 միավոր տանկ՝ Doosan ընկերության 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչով և S&T Dynamics-ի ավտոմատ փոխանցման տուփով: Տանկերի մի մասը Թուրքիա էր ուղարկվել մինչև 2016 թ-ի վերջը։
Սակայն երկրորդ խմբաքանակի ստեղծման համար անհրաժեշտ եղան նաև գերմանական արտադրության շարժիչները։ Գերմանական MTU ընկերության շարժիչներով և RENK փոխանցման տուփերով հնարավոր եղավ ստանալ ընդամենը չորս նախատիպ։ Գերմանիայի կողմից թուրքական զենքի արտահանման վրա էմբարգո սահմանելը խոչընդոտեց համագործակցությանը։ Թուրքիան ստիպված եղավ ստեղծել սեփական շարժիչները։
2017 թ. փետրվարին չեղարկվեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և «Թյումոսան» (Tümosan) ընկերության միջև «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը, իսկ 2017-ի հունիսին՝ «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Անցկացվեց նոր մրցույթ ընկերությունների միջև, որը հաղթեց թուրք-կատարական BMC ընկերությունը։ BMC Power-ի տեղական արտադրության շարժիչները չարդարացրին իրենց։ Այդ ամենից հետո՝ 2020 թ․ մայիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտնեց, որ տանկերի արտադրման գործում ներգրավված են օտարերկրյա կազմակերպություններ։ Հնարավոր է, որ այդ կազմակերպությունները հենց այս վերոհիշյալ հարավկորեական ընկերություններն էին։