ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելափակել է Պակիստանին թուրքական արտադրության 30 միավոր T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների մատակարարումը։ Այժմ այդ տենդեռն, ամենայն հավանականությամբ, կանցնի Չինաստանին։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան Bloomberg գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները:

«ԱՄՆ-ն արգելափակել է Պակիստանին մեր հարվածային ուղղաթիռների վաճառքը: Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ քննարկվող տենդեռը կանցնի Չինաստանին, իսկ պարտվողը կլինի ԱՄՆ-ն»,- ասել է Իբրահիմ Քալընը։

Դեռևս 2017 թվականին էր հայտնի դարձել, որ Թուրքիան և Պակիստանը պայմանագիր են ստորագրել 30 միավոր T-129 «Աթաք» ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ, ինչը Թուրքիայի պատմության մեջ ռազմարդյունաբերական արտադրանքի միանվագ մատակարարման ամենախոշոր պայմանագիրն է: Գործարքի արժեքը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար: Պայմանագրի կատարումը հետաձգվել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա չտրամադրելու պատճառով, քանի որ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը` ստիպելու համար նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ գնած Ս-400 ՀՕՊ համակարգերի շահագործումից:

Իբրահիմ Քալընի պնդմամբ՝ իրենք Ս-400 համակարգերը ձեռք են բերել ամերիկյան կողմի պահվածքի պառճառով, քանի որ վերջինս հրաժարվել էր Թուրքիային տրամադրել Patriot ՀՕՊ համակարգեր։ Իսկ այնուհետ Ֆրանսիան էր սառեցրել ֆրանս֊իտալական Еurosаm կոնցեռնի հակաօդային պաշտպանության SAMP/T միջոցների ձեռքբերման շուրջ բանակցությունները՝ Սիրիայում թուրքական ռազմագործողությունները պատճառ բերելով։

Թուրքիայի նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ իր տարաձայնությունները լուծում է կառուցողական երկխոսության միջոցով, կարող է նույնը անել Միացյալ Նահանգների հետ: Բայց երբ որևէ երկիր մաքսիմալիստական ​​դիրքորոշմամբ է հանդես գալիս, դա հակառակ էֆեկտ է տալիս: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պնդում էր, որ Ս-400-ները վտանգավոր են F-35 կործանիչների* համար, սակայն երբ իրենք առաջարկել են նայել հարցի տեխնիկական կողմին՝ ասել են, որ դա ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր է։ Բայց Թուրքիան միանշանակ չի պատրաստվում Ս-400-ը ինտեգրել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին։

*2019թ․ հուլիսին ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է թողել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *