Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ

Փետրվարի 2-ին Թուրքիան և Կատարը Համատեղ ռազմական բարձրագույն կոմիտեի ժողովից հետո ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագրեր։ Նմանապես փետրվարի 3-ին Բոսնիա և Հերցեգովինիայի պաշտպանության նախարարի՝ Թուրքիա կատարած այցի ավարտին երկու երկրների ՊՆ-ները կնքել են պայմանագրեր։

Բոսնիա և Հերցեգովինիայի, ինչպես նաև Կատարի հետ ստրագրած համաձայնագրերի մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրների ՊՆ պաշտոնական կայքերին։

Այսօր Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի ու Բոսնիա և Հերցեգովինիայի պաշտպանության նախարար Սիֆետ Պոդժիչի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի, տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բանակցությունների ավարտին ստորագրվեցին ռազմաֆինանսական համագործակցության պայմանագիր և ֆինանսական օգնության տրամադրման արձանագրություն։

Իսկ երեկ՝ համատեղ զորավարժության ֆոնին անցկացված եռօրյա հանդիպումների ավարտին, որոնց մասնակցում էին Կատարի գլխավոր շտաբի պետ Գանիմ բեն Շահին ալ Գանիմը, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, Կատարում Թուրքիայի դեսպանը և երկու երկրների այլ բարձրաստիճան սպաներ, ստորագրվեցին ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցության մի շարք համաձայնագրեր։ Կնքված համաձայնագրերի բովանդակության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր, իսկ2016-ին՝ Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *