Մարտի 3-ին ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության ժողովրդական աշխարհազորի ղեկավարությունը հայտարարել է, որ իր ստորաբաժանումներին թույլատրում է կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինված ուժերի ուղղությամբ՝ ի պատասխան առավոտյան ձեռնարկված գործողության։
Այս մասին հաղորդում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Դոնեցկի Ժողովրդական աշխարհազորի ղեկավարության պնդմամբ՝ այսօր Լենինսկոե բնակավայրի ուղղությամբ ուկրաինական զինուժը 1 ժամում շուրջ հարյուր արկ է արձակել։ Այդ պատճառով աշխարհազորն իրեն «ադեկվատ պատասխան տալու իրավունք է վերապահում»։
Նշենք, որ 2014 թ․ Ղրիմի՝ հանրաքվեի արդյունքում Ռուսաստանին միանալուց հետո Դոնեցկի և Լուգանսկի մարզերը հայտարարեցին Ուկրաինայից անկախություն հռչակելու մասին՝ Եվրոմայդանի արդյունքում իշխանության եկած նոր ուժերի հետ հակասությունների ֆոնին։ Ուկրաինան անօրինական համարեց այդ մարզերում անցկացված հանրաքվեները, որից հետո սկսվեցին ռազմական գործողություններ։
Դոնեցկում հակամարտության կարգավորման մասին համաձայնությունը «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների միջնորդությամբ ստորագրվել է Մինսկում՝ 2015 թ․ փետրվարին, չնայած դրան՝ կողմերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։
Ուշագրավ է, որ վերջին մի քանի ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը առավել ակտիվ են սպառազինվում և ռազմական ուժեր տեղափոխում Դոնեցկի ու Լուգանսկի հետ սահմանային շրջաններ։ Նմանապես, Ռուսաստանը ևս կոշտացրել է այս հարցում իր հռետորաբանությունը։ Կարծիքներ կան [1,2,3], որ կողմերը առավել մասշտաբային ռազմական գործողությունների են նախապատրաստվում։