Մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ. Մովսես Հակոբյան

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պատասխանել է «168 Ժամ» թերթի հարցերին՝ կապված ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու, «Սմերչերի» վերաբերյալ բարձրացված աղմուկի և այլ թեմաների հետ։

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Ռուսաստանի` Ադրբեջանին 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք վաճառելու որոշումը տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ ու շատերի կողմից որակվեց որպես Հայաստանի, Արցախի ազգային անվտանգությանը սպառնացող քայլ: Ինչո՞ւ Արցախը պաշտոնական տեսակետ այս առնչությամբ չի հայտնել:

Ձեր կողմից առաջադրված հարցի պատասխանը ստանալու համար Դուք ճիշտ հասցե չեք ընտրել, քանի որ Արցախի պաշտպանության նախարարության հիմնական գործառույթն է մշակել, պլանավորել և իրականացնել Արցախի պաշտպանունակության շարունակական ամրապնդմանն ուղղված համապատասխան քայլեր, այլ ոչ թե պաշտոնական տեսակետ հայտնել տեղի ունեցող այս կամ այն երևույթների առնչությամբ: Ասվածին միայն կարող եմ ավելացնել, որ ռազմական համակարգի կատարելագործման գործընթացն Արցախում դրված է ոչ թե հրապարակային հայտարարությունների, ինչպես հարևան երկրում է, այլև կոնկրետ նպատակ հետապնդող գործնական հիմքերի վրա:

Ադրբեջանի սպառազինումը վտանգավոր չէ՞ Արցախի անվտանգության համար, ի՞նչ մտահոգություններ ունեք այս հարցի առնչությամբ:

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշ իրավիճակում գտնվող ցանկացած երկրի պարագայում, անկախ սպառազինման մակարդակից, վտանգների ու սպառնալիքների առկայությունն օբյեկտիվ իրողություն է և այս հանգամանքը պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ, այլև մեր հավանական հակառակորդի համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա պետք է ասեմ, որ դա ոչ այնքան մեզ մտահոգում, որքան հուշում է, որ մենք պետք է շարունակենք առավել հզորացնել մեր ռազմական ներուժն ու նրա մարտավարական հնարավորությունները: Իսկ դա, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հավաստիացնել, որ մեզ հաջողվում է:

NAXARAR

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե պետք չէ «խանդով» մոտենալ այս հարցին: «Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմակայան, ինչը հենց այնպես չէ` ունի առաքելություն: Եթե Ռուսաստանը մի ձեռքով զենք է վաճառում, մյուս ձեռքով թշնամու դեմ անվտանգության ապահովության միջոցներ է իրականացնում, նշանակում է, որ տարածաշրջանում ամեն բան հավասարակշռության ներքո է»,- ասել էր նա: Համամի՞տ եք այս կարծիքին: Արդյոք տարածաշրջանային այդ հավասարությունն ի վնաս մեզ չէ՞:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում հանդես գալու այլոց կարծիքները կամ տեսակետները գնահատողի դերում: Սակայն մի բանում հաստատ համոզված եմ՝ հաղթում է նա, ով հավատում է իր ոգու զորությանն ու մարտական հնարավորություններին: Չեմ թերագնահատում նաև ռազմավարական ճիշտ համագործակցության արդյունքում ստեղծված ուժի գործոնը:

Թերևս լուրջ մտահոգության տեղիք է տալիս «Սմերչ» զինատեսակի վաճառքը: Տարածաշրջանային ի՞նչ կիրառելիություն կարող է ունենալ այն: Արցախն ունի՞ համարժեք զինամթերքներ` պաշտպանվելու «Սմերչից» կամ պատասխանելու դրան:

Ես էությամբ և գրաված դիրքով գործող բանակի զինվոր ու հրամանատար եմ և նախընտրում եմ կողմերի ունեցած հնարավորությունների մասին խոսել ոչ թե շքերթներում ցուցադրվող կամ լրատվամիջոցներում հրապարակվող տարաբնույթ զինատեսակների, այդ թվում նաև Ձեր կողմից հիշատակված «Սմերչի» մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների ազդեցության ներքո, այլև իմ ձեռքի տակ եղած կոնկրետ փաստերի համադրմամբ: Իսկ փաստերն ամենևին չեն ներկայացնում այն պատկերը, որն իրականում առկա է: Այնպես որ մարտադաշտը ցույց կտա թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ…

Շատերն այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, համարում են, որ սա ճնշում է Ռուսաստանի կողմից Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համար: Հնարավո՞ր է, որ սա շանտաժի դրսևորում է:

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ՝ որպես Արցախի պաշտպանության նախարար, ոչ միայն իրավասության, այլ նաև էթիկայի տեսանկյունից կոռեկտ չէր լինի խոսել մի թեմայի շուրջ, որն իմ պարտականություններից դուրս է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *