Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՊՆ-ում էին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 12-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած հիսունից ավել սփյուռքահայ երիտասարդների: Երիտասարդների հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հանդիպման առանցքը ազգային բանակն էր: Բացման խոսքով հանդես եկավ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով կարևորեց աճող սերնդի հայրենասիրական դաստիարակությունը և ընդգծեց, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հայրենիքի սահմաններից դուրս ապրող երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:

PviEnDqTXjJ9wBbZqdx7Lzuwow

«Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպված ընդունելության համար, նշեց, որ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մի ընդհանուր նպատակ` ծանոթանալ Հայաստանի Հանրապետությանը, նրա մասը կազմել, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և իրենց փոքրիկ ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ մեծ պատիվ է յուրաքանչյուր տարի «Դեպի Հայք» հիմնադրամի, «Արի տուն» ռազմահայրենասիրական-ճանաչողական ծրագրերի շրջանակներում հանդիպել երիտասարդների, ովքեր, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհները ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան:

«Դուք բոլորդ ծնվելով տարբեր երկրներում` Հայաստանի մասին պատկերացումներ ունեցել եք տեսականորեն և յուրաքանչյուր այսպիսի այցելություն հնարավորություն է տալիս, որպեսզի ճանաչեք մեր մայր հայրենիքը, այն օրրանը, որ մեզ բոլորիս կապում է իրար հետ և այդ միասնականության գաղափարն է, որ միշտ հիմքեր է ստեղծել, որպեսզի մենք կարողանանք ունենալ հաջողություններ, կարողանանք ունենալ հաղթանակներ և ապահովել մեր ժողովրդի զարգացումը»,- իր խոսքում նշեց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց նաև ՀՀ ԶՈւ սպառազինության, զորակոչի, ԶՈւ-ում կանանց դերի, ԶՈւ-ի զարգացման վերաբերյալ երիտասարդներին հուզող հարցերին, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը սփյուռքահայ երիտասարդներին նվիրեց իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» աշխատությունը և հույս հայտնեց, որ այն կօգնի առավել ընդգրկուն պատկերացում ունենալ Հայոց բանակի մասին:

«Դեպի Հայք» հիմնադրամը հիմնվել է 2003 թվականին ԱՄՆ-ում` Էդիլ Հովնանյանի կողմից: Հիմնադրամի առաքելությունն է զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ` հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ Հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել Հայրենիքում ու բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը, տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *