ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից

Մոտ մեկ տարի առաջ՝ 2020թ. հունվարի 3-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ամերիկյան ավիահարվածներից սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ 4 օր անց ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազայի վրա՝ ի պատասխան Սոլեյմանիի սպանության։

Դրանից մի քանի ժամ անց էլ Թեհրանում իրանական ՀՕՊ֊ի հրթիռից կործանվեց ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռ. ամերիկյան բազաների հրթիռակոծումից հետո Իրանում կարծել էին, որ ինքնաթիռն ամերիկյան է և մոտենում է ԻՀՊԿ ռազմական օբյեկտներից մեկին։

Այդ իրադարձություններից մեկ տարի անց ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից, ամերիկյան բազաներից մեկի՝ Աին ալ Ասադի վրա հարվածներից ու հրապարակել դրանց մի մասի կադրերը։ ԱՄՆ-ում պնդում են, որ դրանք ամերիկացիների դեմ երբևէ եղած ամենամասշտաբային բալիստիկ հարվածներն են եղել։


Պենտագոնը կադրերը տրամադրել է ամերիկյան CBC News հեռուստաընկերությանը, որի «60 րոպե» հաղորդման ընթացքում էլ խոսվել է Աին ալ Ասադ ավիաբազայի վրա հարձակումից։ CBC-ն նաև հարձակման պահին ամերիկացի զինծառայողների նկարած տեսանյութեր է ցուցադրել։

CBC-ի հրապարակած տեսանյութը մեկնաբանել ու խմբագրել են ամերիկյան մասնագիտացված The Drive լրատվակայքում՝ տեսանյութում ընգծելով, թե ինչ ենթակառուցվածքներ են խոցվում, այդ պատճառով տեղադրում ենք The Drive֊ի տեսանյութը։

Ավիաբազայում այդ պահին տեղակայված էր ամերիկյան 2000 հոգանոց զորք։ Տեսանյութում երևում է, որ իրանական հրթիռները հարվածել էին ավիաբազայի անգարներին, ինքնաթիռների տեխսպասարկման կետերին, վառելիքի պահեստներին, անձնակազմի գրասենյակին ու բնակելի հատվածներին։ Տեսանյութում 6 հարված է երևում, սակայն հարվածների նույն օրը ԱՄՆ այն ժամանակ պաշտպանության նախարար Մարք Էսփերը նշել էր, որ Ալ Ասադ ավիաբազայի վրա 11 իրանական հրթիռ է ընկել։ Իրականում, ըստ ամերիկյան կողմի, ավիաբազայի ուղղությամբ 16 հրթիռ է արձակվել՝ 3 տարբեր տեղից, սակայն դրանցից 5-ը չեն գործել։

Ամերիկյան կողմը նշում է՝ մինչ հարվածները սպառազինությունն ու անձնակազմը տարհանել են։ Հարձակման օրն ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ կենդանի ուժի կորուստներ չունի ավիաբազայում, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավիաբազայի մոտ 100 զինծառայող գանգուղեղային տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, սակայն որևէ մեկը չէր մահացել։ Ասում են՝ մինչ հարվածները, ԱՄՆ վաղ արձագանքման արբանյակների տվյալները թույլ են տվել կազմակերպել անձնակազմի տարհանումը, ինչի հետևանքով էլ զոհեր չեն եղել։

Ավելի ուշագրավ է CBC-ի եթերում հնչած հայտարարությունը, որ ԱՄՆ հետախուզությունը ենթադրել է ավիաբազայի վրա հավանական հարձակումը, քանի որ Իրանում ամերիկյան կոմերցիոն արբանյակային լուսանկարների միջոցով մշտադիտարկել են Աին ալ Ասադ ավիաբազան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM*) ղեկավար գեներալ Ֆրենք Մըքքենզին նշել է, որ ինքը սպասել է մինչ Իրանում ներբեռնել են ավիաբազայի վերջին արբանյակային լուսանկարը ու սկսել է ավիաբազայի տարհանում իրականացնել․ «այսինքն վերջին անգամ ավիաբազայի լուսանկարներին նայելիս Իրանում տեսնելու էին կայանված ավիացիոն միջոցներ ու ավիաբազայում աշխատողներ»,-նշել է Մըքքենզին։

*Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական գործունեությունը վերահսկող բարձրագույն հրամանատարությունը։

Ֆրենք Մըքքենզին, որը Ղասեմ Սոլեյմանիի վրա հարվածելու հրամանը տվողն է, հաղորդման ընթացքում խոսել է նաև իրանցի գեներալի սպանությունից։ Մըքքենզին դրական է պատասխանում լրագրողի «դուք նրա գլխավերևում դրոն ունեիք, այնպես չէ՞, տեսնում էիք նրան [Բաղդադում] ինքնաթիռից դուրս գալիս» հարցին։ Նա պնդում է՝ գիտեր, որ իրանցիները միանշանակ պատասխան հարված կհասցնեին, բայց չգիտեր, թե ինչպես։ Ամերիկացի հրամանատարի պնդմամբ՝ Սոլեյմանիի սպանությանը հետևող մի քանի օրը սպառնալից լռություն էր Իրանից․

«Իրադարձությունները կարող էին տանել պատերազմի, եթե ամերիկյան կողմը ճիշտ քայլ չաներ»,-ասում է Մըքքենզին։

Ըստ ամերիկացի գեներալի՝ իրենք ենթադրել են բալիստիկ հարվածները, քանի որ Իրանում սկսել են տեղաշարժել իրենց բալիստիկ հրթիռները։ Ամերիկյան հետախուզությունը հայտնել է, որ Իրանում լիցքավորում են 27 միավոր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ և նպատակ ունեն հողին հավասարեցնել ավիաբազան։

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականների պնդմամբ՝ ավիաբազան պատրաստ չէր բալիստիկ հարվածներին դիմակայելու։ Աին ալ Ասադի գումարտակի հրամանատար փոխգնդապետ Թիմ Գարլանդը հաղորդման ընթացքում ասում է, որ դա աննախադեպ սպառնալիք էր իրենց համար, չի կարծում, թե դա երբևէ հաշվարկվել է, այնպես, որ այնտեղ բալիստիկ հրթիռի հարձակումը կանխելու հնարավորություն չկար:

Ըստ ամերիկացիների՝ լավագույն միջոցը պաշտպանվելու համար դեռ Սադդամ Հուսեյնի օրոք կառուցված բունկերներն էին, սակայն դրանք էլ շատ չէին։


The Drive ամերիկյան մասնագիտացված լրատվակայքում նշվում է, որ իրանական կողմը հարվածել էր «Ղիամ 1» (Qiam 1) ցածր հեռահարության բալիստիկ հրթիռներով։ Իրականում, հենց հարվածներից հետո Իրաքում նկատվել էին «Ղիամ» դասի հրթիռների մնացորդները։

Հստակ չէ, թե ամերիկյան ինչ ԱԹՍ-ով են նկարված հարվածների կադրերը, սակայն, նշվում է, որ այդ ժամանակ օդում են եղել ամերիկյան արտադրության MQ-1C Gray Eagles ԱԹՍ-ները։ Ցանկացած դեպքում, իրանական հարվածները վնասել են ավիաբազայի՝ արբանյակային տերմինալները կառավարման կայաններին կապող օպտիկամանրաթելային գծերը, ինչն էլ կարող է բացատրել այն, որ 11 հարվածից միայն 6-ն են ֆիքսվել ԱԹՍ-ի կողմից։

The Drive-ի խմբագրած տեսանյութի կադրերից մեկում նշվում է, որ սովորաբար թռիչքուղու վրա 10 ավիացիոն միջոց է կայանված լինում, իսկ մինչ իրանական հարվածներն ավիաբազայից դուրս են բերվել 51 միավոր ուղղաթիռ ու ինքնաթիռներ։


֊ Ի՞նչ սովորեցիք այդ հարձակումից,֊ Մըքքենզիին հարցնում է լրագրողը։
֊ Նրանց հրթիռները ճշտգրիտ են,֊ պատասխանում է նա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *