Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ Սահաֆը, անդրադառնալով վերջերս Իրաքյան Քրդստանի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին, ասել է, որ իրենք դեմ են Իրաքի ղեկավարության հետ չհամաձայնեցված բոլոր գործողություններին և միակողմանի քայլերին։

Այս մասին հայտնում է քրդական Rudaw լրատվականը։ Իրաքի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ քրդաբնակ շրջաններում Թուրքիայի իրականացրած մի շարք ռազմագործողությունների ընթացքում սպանվել են քաղաքացիական անձինք, ինչպես նաև վնասվել են ենթակառուցվածքներ։

Նշենք, որ խոսքը փետրվարի 10-14-ը Իրաքի հյուսիսային Գարա շրջանում Թուրքիայի ԶՈւ «Ճանկ․ Արծիվ-2» ռազմական գործողության (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”) մասին է, որի արդյունքում Թուրքիան իր վերահսկողության տակ էր վերցրել քրդական ապաստարան համարվող քարանձավներ, որտեղ հայտնաբերել են նախկինում գերի ընկած 13 թուրք զինծառայողների, ոստիկանների ու քաղաքացիական անձանց մարմիններ։

Դեռևս փետրվարի 23-ին տված հարցազրույցում Բաղդադում Իրանի դեսպանն էր քննադատել Թուրքիային՝ Իրաքի ինքնիշխանությունը խախտելու կապակցությամբ՝ նշելով, որ ճիշտ չեն համարում որևէ երկրի ռազմական ներկայության ավելացումն Իրաքի տարածքում։ Դրանից հետո Անկարայում Իրանի դեսպանին ԱԳՆ էին կանչել և նախազգուշացումներ արել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *