Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել

Հայաստանում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները կականազերծեն Սյունիքի Կոռնիձոր ու Դավիթ Բեկ գյուղերը։

Օրերս կենտրոնի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը այցելել են Դավիթ Բեկ, որտեղ հայտնաբերել են կասետային չպայթած ենթազինամթերք։

Նշվում է, որ վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով, իսկ չպայթած զինամթերքը՝ ոչնչացվել: Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հրետակոծել էր Դավիթ Բեկ բնակավայրը։ Մեկ քաղաքացիական զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Կասետային զինամթերքը կոնտեյներ է, որ օդում բացվում և սփռում է բազմաթիվ ռազմամթերք, հատկապես վնասում է քաղաքացիական բնակչությանը։

Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով, թե՛ «Կլաստերային Զինամթերքի Մասին» միջազգային կոնվենցիայով, որին Հայաստանը չի միացել՝ հայտարարելով, որ ակնկալում է տարածաշրջանում փոխադարձության սկզբունք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *