Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ

Երևանն ու Մոսկվան աշխատում են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշ ռազմական կազմավորումներ Հայաստանի արևելք տեղափոխելու շուրջ։ Բացի այդ, ընդլայնվել են նաև Հայաստանում ծառայող ռուս սահմանապահների գործառույթները՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի պահպանության ուղղությամբ։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է [1] ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանը հետաքրքրված է Գյումրու ռազմաբազայի պոտենցիալի ընդլայնմամբ։ Ռուսական բազայի ընդլայնման հարցը միշտ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ շահագրգիռ է եղել հենց միայն այն պարզ պատճառով, որ ռազմաբազան ամբողջ կազմով ընդգրկված է ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորակազմում։

Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանում է 1995–ից: 2012–ի օգոստոսին Երևանում ստորագրվել է հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից)։

Հավելենք, որ 2020թ. նոյեմբերի 21-ին՝ Արցախյան պատերազմի ավարտից հետո, հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով խաղաղապահ միջոցառումներ իրականացնելու համար Հայաստան էր ուղարկվելու լրացուցիչ 188 ռուս զինծառայող և անհրաժեշտ քանակի տեխնիկայի լրացուցիչ ռեզերվ: Մինչ այժմ ՌԴ սահմանապահ ուժեր տեղակայված են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան միջպետական սահմանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *