«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (թուրք.՝ TAI) ընկերությունն առաջին արդիականացված «Աթաք» (T129 ATAK FAZ-2) հարվածային ուղղաթիռներն է մատակարարել Թուրքիայի ոստիկանությանը և ցամաքային զորքերին:
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) (թուրք.՝ SSB) պետ Իմսայիլ Դեմիրի թվիթերյան գրառումից: Նա նշել է, որ ոստիկանությունն առաջին անգամն է ստանում «Աթաք» ուղղաթիռներ։
Մատակարարումների առաջին փուլում կտրամադրվի 21 միավոր ուղղաթիռ:
Արդիականացված «Աթաք» հարվածային ուղղաթիռը հագեցած է լազերային ցոլքի ցուցիչով, ռադիոլոկացիոն ճառագայթահարման մասին նախազգուշացնող ընդունիչով և ռադիոէլեկտրոնային պայքարի այլ համակարգերով:
Հիշեցնենք, որ «Աթաք»-ի արդիականացված տարբերակի առաջին թռիչքն իրականացվել էր 2019 թ. նոյեմբերի 13-ին: Այն ժամանակ նշվում էր, որ զինված ուժերին առաջին մատակարարումները սպասվում են 2020թ. կեսերին, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, հետաձգվել էին։
T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ,
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: