Փետրվարի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ արցախյան, սիրիական և լիբիական հակամարտությունները։
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Կողմերը կարևորել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շուրջ պայմանավորվածություների իրականացումը, ինչպես նաև ողջունել Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչության տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ հունվարի 11-ի հայտարարությամբ նախատեսված ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ուղիների վերականգնումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպում ունենալ իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներից բացի նույն օրը հեռախոսազրույց են ունեցել նաև արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն։ Գործընկերներն անդրադարձել են նախագահների քննարկած հարցերին և պայմանավորվել՝ հետամուտ լինել դրանց։