Ուկրաինայի ՌԾՈւ-ն ստանալու է “Bayraktar” ԱԹՍ-ների լիարժեք համակարգեր

Փետրվարի 16-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Օլեքսեյ Նեիժպապան հայտարարել է, որ Ուկրաինան մինչև 2021 թ․ վերջը ստանալու է թուրքական Bayraktar տիպի անօդաչու թռչող սարքերի լիարժեք համակարգեր, որոնք ներառում են կառավարման կայաններ, տվյալների փոխանցման համար ցամաքային տերմինալային համալիրներ։

Դրանք կիրառվելու են մի շարք կարևոր առաջադրանքների համար, այդ թվում՝ Ազովի և Սևծովյան օպերատիվ գոտիներում իրավիճակի դիտարկման, թիրախների նշանակման, ինչպես նաև ծովում և ցամաքում հակառակորդի կրակային ոչնչացման համար։

Այս մասին հայտնում է «Укринформ» լրատվակայքը։ Բայրաքթար ԱԹՍ-ների անձնակազմի վերապատրաստումը իրականացվելու է Թուրքիայում։

Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատարը նաև նշել է, որ հնարարվոր վտանգներին հակազդելու համար իրենք առաջնահերթ ավելացնելու են նավատորմի ուժերը։ Այդ նպատակով այս տարի նախատեսում են ձեռք բերել միջին հետախուզական «Սիմֆերոպոլ» նավ, երկու դեսանտագրոհային նավ և ամերիկյան “Island” տիպի երեք պարեկային նավեր։

Մինչև տարեվերջ սպասվում է նաև ՌԾՈւ սպառազինության համալրում «ՌԿ–360ՄՑ Նեպտուն» առափնյա պաշտպանության հրթիռային համակարգի դիվիզիոն համալիրով։

Նշենք, որ Ուկրաինան և Թուրքիան 2020 թ․ դեկտեմբերի 14-ին ստորագրել են Ուկրաինայի ՌԾՈւ համար 4 միավոր «ԱԴԱ» դասի կորվետների համատեղ արտադրության և բարելավված բնութագրերով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրեր։ Ուկրաինայի ՌԾՈւ-ից բացի Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է շահագործում նաև ՌՕՈւ-ն, որը դեռ 2019-ին առաջինն էր ստացել այդ ԱԹՍ-ներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *