Այսօր իրանական ԶԼՄ-ները գրել են Ադրբեջանի կողմից Նախիջևան տանկեր տեղափոխելու մասին, որն ավարտվել է ականատեսներից մեկի մահով: Աֆղանստանում ականի վրա պայթել են ՆԱՏՕ-ի 5 զինծառայողներ: ԱՄՆ-ն հերթական անգամ խոսել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն անդրադարձել է արցախյան հավանական պատերազմին և որոկում տվել դրան:
- Իսրայելական արտադրության տանկերը Ադրբեջանից տեղափոխվել են Նախիջևան: Լուրը հաղորդող իրանական կայքը ենթադրում է, որ իրավիճակը Նախիջևանում գնալով լարվում է: Ինքնաթիռների բեռնաթափումը նկարել փորձած օդանավակայանի երկու աշխատակիցները ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից. նրանցից մեկը խոշտանգումներից մահացել է: Մեր կողմից հավելենք, որ իսրայելական արտադրության տանկերի հայտնվելը Ադրբեջանում իրականում շատ քիչ է հավանական։ Իսրայելն ընդհանրապես չի արտահանում տանկեր և բացի այդ, իսրայելական տանկերը ստեղծված են յուրահատուկ բնակլիմայական և ռելիեֆային պայմանների համար ու այլ տեղերում արդյունավետ չեն։ Մյուս կողմից չի կարելի բացառել նաև, որ իրականում խոսքը ոչ թե իսրայելական տանկերի, այլ՝ Իսրայելում արդիականացված խորհրդային «Տ-55» կամ «Տ-72» տանկերի մասին է։
- ՆԱՏՕ-ի 5 զինծառայողներ, ովքեր Լեհաստանի քաղաքացիներ էին, Աֆղանստանում զոհվել են ականի պայթյունից: Պաթյունի պատասխանավությունն իրենց վրա են վերցրել թալիբները:
- ԱՄՆ հերթական պաշտոնյան՝ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումն իրենց համար լիովին լուծելի խնդիր է, սակայն դա ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Բայց մյուս կողմից՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն անընդմեջ կրկնում են, որ թույլ չեմ տա Իրանին միջուկային զենքի արտադրման հարցում հասնել հաջողությունների:
- «Ադրբեջանի համար պատերազմը խելացի որոշում չի լինելու: Անկախ նրանից, թե ով է հաղթելու. հաղթանակ չի լինելու, քանի որ կլինի նոր ողբերգություն, կլինեն նոր փախստականներ: Հանուն ինչի՞ գնալ նոր պատերազմի»,- Երևանում կայացած հրաժեշտի ասուլիսում պաշտոնը թողնելուց առաջ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: