Ոմանք կզարմանան, բայց զինվորներն էլ են ազատ ժամանակ ունենում, և նրանց մի մասն այդ ազատ ժամանակն օգտագործում է գիրք ընթերցելու կամ ֆիլմ դիտելու համար։ Օրինակ՝ տվյալ պահին ծառայող ընկերներիցս մի քանիսը նույնիսկ խնդրել են ուղարկել որոշակի գրականություն ու ֆիլմեր, մեկն էլ ամեն անգամ տուն գալուց հետը նոր գրքեր է տանում։
Պաշտպանության նախարարությունն, իհարկե, որոշ գրականություն հրատարակում է և տարածում զորամասերով, բայց դրանք մեծ մասամբ ոչ մեծ՝ ավելի շատ տեղեկատվական բնույթի գրքույկներ են, կամ էլ հուշեր և կենսագրություններ։
Աշխարհի բանակներում զինվորներին սովորաբար առաջարկում են գրքերի ու ֆիլմերի պաշտոնապես հաստատված ցանկեր։ Օրինակ՝ գրականության այդպիսի ցանկ ունի ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը։ Ավելի ճշգրիտ՝ երկու ցանկ. մեկը՝ մասնագիտական, մյուսը՝ «քաղաքացիական գրականության»։
Այդ ցանկերում ներառված է հիմնականում ռազմա-քաղաքական թեմաներով գրականություն (ներառյալ՝ Սուն Ցզի, Մաքիավելլի), բայց ի զարմանս ինձ ԱՄՆ ծովային հետևակայիններին խորհուրդ տրված գրականության ցանկում հայտնաբերեցի այնպիսի գրքեր, ինչպիսին են Օրուելի «1984» անտիուտոպիան ու Ռեմարկի «Արևմտյան ճակատում՝ առանց փոփխությունների» բացահայտորեն պացիֆիստական վեպը։
Երեկ ռուսալեզու ռազմագիտական բլոգերից մեկում փորձեցի նաև պարզել, թե արդյոք գոյություն ունի նման ցուցակ (թեկուզ ոչ-պաշտոնական) ՌԴ զինված ուժերում, բայց հստակ պատասխան այդպես էլ չստացա։ Այնուամենայնիվ եղան որոշ հետաքրքիր առաջարկներ, թե ինչ ստեղծագործություններ կարելի է ընդգրկել նման ցուցակում։
Ըստ այդմ որոշեցի մի ցուցակ էլ կազմել մեր բանակային գրադարանների և տեսադարանների համար։ Կխնդրեմ նաև ձեզ՝ հարգելի ընթերցողներ, գրքեր ու ֆիլմեր առաջարկել այն հաշվարկով, որ զինվորն իր ծառայության ընթացքում երևի թե ի վիճակի կլինի կարդալ 20-30 անուն գրականություն ու դիտել մոտավորապես նույն քանակի ֆիլմեր։ Նաև կխնդրեմ համառոտ ձևով հիմնավորել ձեր առաջարկները։
Գրականություն
- Սուն Ցզի. «Պատերազմի արվեստը» (երկու հայերեն թարգմանություններ կան)
- Մաքիավելի. «Տիրակալը» (կա հայերեն թարգմանություն)
- Եղիշե. «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»
- Հովհան Մամիկոնյան. «Տարոնի պատմություն»
- Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները»
- Խաչիկ Դաշտենց. «Ռանչպարների կանչը»
- Շահան Նաթալի. «Թուրքերը և մենք»
- «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հրատարակած «Ռազմավարության և անվտանգության հարցեր» ժողովածու
- Արմեն Այվազյան. «Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն»
- …
- [առաջարկեք]
Ֆիլմեր
[Ցավոք, ֆիլմերից և ոչ մեկը կարծես թե հայերեն թարգմանված չէ։]
- «Խիզախ սիրտը» (Braveheart)
- «Փրկելով շարքային Ռայանին» (Saving private Ryan)
- «Արամ»
- «Յոթ Սամուրայներ» (Seven Samurais)
- «Թաքուն ամրոցը» (The Hidden Fortress)
- «Թաքցված շեղբ» (The Hidden Blade)
- «Արշալույսներն այստեղ խաղաղ են» («А зори здесь тихие…»)
- «Կրակելով շներին» (Shooting dogs — ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին)
- …
- [առաջարկեք]
Նաև սպառազինության վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ ստանալու համար արժե դիտել «Крылья России» կինոստուդիայի հետևյալ վավերագրական սերիալները։ Զարմանալի է, բայց գրեթե պաթոս չկա, բավականին հավասարակշռված և օգտակար ֆիլմեր են։
- «Крылья России» (18 սերիա օդուժի մասին՝ և ոչ միայն խորհրդային կամ ռուսական)
- «Отечественное стрелковое оружие» (6 սերիա)
- «Из всех орудий» (8 սերիա հրետանու մասին, ներառյալ հրթիռային համակարգերը)
- «Броня России» (10 սերիա զրահատեխնիկայի մասին)
Հ.Գ. Ֆիլմերն ու գրքերը պարտադիր չէ, որ անպայման ռազմական թեմաներով լինեն, բայց կարևոր է, որ հայրենասիրություն, հավատարմություն, պատիվ, կամքի ուժ և պատասխանատվություն գնահատող արժեհամակարգի վրա կառուցված լինեն։ Առաջարկները կարող եք թողնել այս գրառման տակ մեկնաբանությունների տեսքով կամ էլ Ռազմ.ինֆոյի ֆեյսբուքյան էջում։
4 responses to “Ի՞նչ կարդալ ու դիտել բանակում”