Փետրվարի 11–ին Վրաստանը ստացել է ամերիկյան արտադրության 12.7մմ M2А1, 5.56 մմ M249 գնդացիրներ և 40մմ տրամաչափի Mk-19 հաստոցավոր ավտոմատ նռնականետեր։
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ–ն։
Վազիանիում նոր սպառազինության հանձնմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և ԶՈւ հրամանատար գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին։
5.56 մմ տրամաչափի M249 գնդացիրների առաջին խմբաքանակը Վրաստանը ստացել էր 2020 թվականի սեպտեմբերին։ Նշվում էր, որ առաջին փուլում տվյալ գնդացիրեներով կհամալրվեն ուսումնական և ԱՄՆ-ի հետ համատեղ GDRP (Georgia Defense Readiness Program) ծրագրով անցած ստորաբաժանումները։ Ընդհանուր առմամբ, ըստ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան, Վրաստանը ստանալու է 600 միավոր M249 գնդացիր։
Նշենք, որ փետրվարի 10–ին Վրաստանը ստացել էր «ՄԱՆ», «ԻՎԵԿՈ» և «Ֆորդ» ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր նոր մարդատար և բեռնատար մեքենաներ։ Վերոնշյալ ընկերություններից շուրջ 500 միավոր ավտոտեխնիկա ձեռք բերելու մասին Վրաստանը հայտնել էր դեռևս 2020 թվականի հունիսին։