Թուրքիան շարունակում է քրդերի դեմ գործողությունները երկրի ներսում և տարածաշրջանում

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 2021 թ․ հունվարի 11-ից Շըրնաք և Սղերդ նահանգներում քուրդ զինյալների դեմ իրականացնում է «Էրեն» ռազմագործողությունը (“Eren Operasyonları”):

Այս մասին հայտնում է «Հաբերթյուրք» լրատվակայքը։ Նշվում է, որ ռազմագործողության՝ այսօր մեկնարկած 10-րդ փուլին ներգրավված է Թուրքիայի ՆԳՆ Ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի, ինչպես նաև Ժանդարմերիայի ենթակայության տակ գործող քրդական «գյուղական պահապանների»* խմբերի շուրջ 1073-հոգանոց անձնակազմ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի զինված ուժերը շարունակում են Իրաքի հյուսիսային Գարա շրջանում քուրդ զինյալների դեմ փետրվարի 10-ին մեկնարկած «Ճանկ․ Արծիվ-2» ռազմական գործողությունը (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”), որի արդյունքում ունեն առնվազն 3 կորուստ։

Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015 թ. ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը: 

*«Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ: Այդ զինված ստորաբաժանումները ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *