Ազատ է արձակվել 2015 թ․ խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանողը

Փետրվարի 11-ին, 5 տարի ազատազրկումից հետո, ազատ է արձակվել 2015 թ․ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի օդաչու փոխգնդապետ Օլեգ Պեշկովին սպանելու համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ» Նովոստի պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չելիքի շահերի պաշտպան փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղին։

Հիշեցնենք, որ ինքնաթիռի խոցումից հետո Պեշկովը հասցրել էր կատապուլտի դիմել, սակայն օդում նրան սպանել էին Սիրիայի ընդդիմադիր զինյալները, որոնց թվում էր նաև Չելիքը։

Ալփարսլան Չելիքը նախ խոստովանել էր իր մասնակցությունը օդաչուի սպանությանը, սակայն 2016 թ-ին, երբ Իզմիրում ձերբակալվել էր «ապօրինի զենքի օգտագործման» մեղադրանքով, հերքել էր իր խոստովանությունը։

2017 թ-ի մայիսին կայացել էր Չելիքի դատավարությունը։ Նա ազատազրկման էր ենթարկվել հինգ տարով՝ միայն զենքի ապօրինի օգտագործման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *