Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ վարժանքներ են անցկացրել Իդլիբում

Փետրվարի 11-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում ռուս-թուրքական զինված ուժերը պարեկային գործողությունների իրականցմանն ուղղված համատեղ վարժանքներ են անցկացրել։

Այս մասին հայտնում է ռուսական «ТАСС» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ հրամանատարության ներկայացուցչին։ Նշվում է, որ վարժանքների նպատակը կես տարվա դադարից հետո պարեկային ծառայության հաջող իրականացումն է։

Վարժանքների ընթացքում մշակվել են ավտոշարասյունով շարժվելու, դրանց վրա հարձակումները հետ մղելու, վիրավորներին տարհանելու գործողություններ, ինչպես նաև խաղարկվել է տեղաշարժն այն վայրերում, որտեղից ահաբեկիչները կարող են հարձակվել։ Ռուս և թուրք զինծառայողները միմյանց հասկանում են ազդանշանային հատուկ համակարգի միջոցով։

Պարեկության ժամանակ ռուսական կողմից, որպես կանոն, ներգրավվում են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ և «Տիգր» զրահամեքենաներ, իսկ թուրքականից՝ Kirpi զրահամեքենաները։

Հիշեցնենք, որ ռուս֊թուրքական համատեղ պարեկության մասին համաձայնությունը ձեռք էր բերվել 2020թ. մարտի 5-ին, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ԹՀ և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։

Ըստ այդ համաձայնագրի՝ նույն տարվա մարտի 15-ից Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը Մ4 մայրուղու երկայնքով՝ Թրումբա բնակավայրից դեպի Այն ալ Հավր բնակավայրն իրականացնելու էին համատեղ պարեկային ծառայություն։

Հավելենք, որ մինչ այդ՝ փետրվարի 20-ին, «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի զինված ուժերի հետ նոր ռազմագործողություն էին սկսել Իդլիբում։ Գործողությունները նախ ընթանում էին Սարակիբից արևմուտք տեղակայված Նայրաբ բնակավայրի մոտ, որը գրավելուց հետո զինյալները շարժվել էին դեպի Սարակիբ և փետրվարի 27-ին մտել քաղաք, սակայն մարտի 2-ին Սիրիայի կառավարական բանակն ընդդիմադիր զինյալներից հետ գրավեց այդ քաղաքը։

Նույն օրն այս բնակավայրում տեղակայվել էին ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները։ ՌՈ զինծառայողները Սարակիբում հսկելու էին M4-M5 մայրուղով անցնող քաղաքացիականների անվտանգությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *