ՌԴ–ն առաջարկում է փոխել ԱՄՆ հետ «Միջին ու փոքր հեռ. հրթիռների ոչնչացման» կասեցված պայմանագիրը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի վերականգնումը նախկին տեսքով հնարավոր չի համարում։

«Եթե կարճ, ես չեմ կարծում, որ պայմանագրի՝ 30 տարում գոյություն ունեցած տեսքով վերականգնման հեռանկարներ կան»,– «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է նա։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ եթե նորընտիր նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիան հետաքրքրված է փոխադարձաբար ընդունելի լուծումներ փնտրելու հարցում, Մոսկվան պատրաստ է երկխոսության։

Անտոնովը նշել էր, որ Ռուսաստանը հետևում է աշխարհի տարածաշրջաններում միջին և փոքր հեռահարության հրթիռներ չբացազատելու պարտավորությանը, սակայն դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան հրթիռները չեն հայտնվի այլ երկրների տարածքում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–ն մերժել է ՌԴ առաջարկած այլընտրանքային տարբերակը՝ փոխադարձ մորատորիումներ* մտցնելու նախաձեռնությունը։ Դեսպանը հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի եվրոպական հատվածում չբացազատել 9Մ729 հրթիռներ («Իսկանդեր–Մ» համակարգի), եթե Եվրոպայում ստուգվի նմանատիպ հրթիռների առկայությունը, օրինակ՝ Aegis Ashore հրթիռի։

*Պետությունների կողմից ընդունված միակողմ կամ բազմակողմ որոշում որևէ գործողություն ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, օրինակ՝ նոր զենքի փորձարկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019-ի կեսերին ստորագրել էր օրինագիծը, որով Ռուսաստանը դուրս էր եկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրից։

Հրամանի մեջ նշված էր, որ Ռուսաստանը դադարեցնում է պայմանագիրը ԱՄՆ–ի կողմից պայմանագրի դրույթները խախտելու պատճառով։ Ռուսաստանը պայմանագիրը դադարեցնում է այնքան ժամանակ մինչև «Միացյալ Նահանգները կվերացնի պայմանագրայով նախատեսված դրույթների խախտումները կամ պայմանագիրը կդադարի գոյություն ունենալուց»։


«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև՝ Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ՝ 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *