Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ռազմական ցուցադրության ժամանակ ներկայացվել է SORA («Սորա») ինքնագնաց հաուբիցի նոր կատարելագործված և մշակված տարբերակը։
SORA ինքնագնաց հրետանային կայանի ստեղծման համար օգտագործվել է 122 մմ-ոց D-30J (Դ-30 հաուբիցի հարավսլավական տարբերակը) հաուբիցը և սերբական 6X6 FAP 2026 BS/AV բեռնատարը։
SORA-ի նոր տարբերակը փորձարկումները կսկսի առաջիկա ամիսներին, իսկ հրաձգարանում մարտական փորձարկումները նախատեսվում է անցկացնել 2014 թվականի գարնանը։
SORA-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2004 թվականին։ Սերբական ինքնագնաց հաուբիցի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Բելգրադի Ռազմատեխնիկական ինստիտուտը։
2009 թվականին ցուցադրվել էր ինքնագնաց հաուբիցի առաջին նախատիպը, իսկ 2013-ի հունիսին Բելգրադում կայացած «Partner-2013» միջազգային ռազմական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նրա ավելի մշակված և կատարելագործված տարբերակը։
SORA-ն կշռում է 18 տոննա։ Ինքնագնաց հաուբիցի մարտական լրակազմի մեջ մտնում է 40 արկ։ Կայանի անձնակազմը 3 մարդ է։ Հեռահարությունը կազմում է 15-21 կմ՝ կախված արկերի տեսակներից։