Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2013-ի ընթացքում պայմանագիր կնքել ԿամԱԶ մեքենայաշինական գործարանի հետ՝ ռազմական տեխնիկայի սպասարկման ու վերանորոգման վերաբերյալ։
Ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, ԿամԱԶի հետ կնքվելիք պայմանագիրը լինելու է այսպես կոչված «կենսական ցիկլի», ինչը ենթադրում է, որ ռազմական տեխնիկա արտադրող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում տեխնիկայի պիտանելության համար դրա օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, բացի այդ, իր վրա է վերցնում տեխնիկայի սպասարկումը, մեքենաների ու թռչող սարքերի վերանորոգումը։
Բորիսովի խոսքերով՝ պայմանագրում ընդգրկվելու են «ԿամԱԶ-ի ամրաշրջանակներով ռազմական տեխնիկայի բոլոր տիպերը»։
Հիշեցնենք, որ ԿամԱԶ-ին պայմանագիր առաջարկելու ՌԴ ՊՆ մտադրության մասին հայտնի էր դարձել դեռևս 2013-ի փետրվարին։ Ընդ որում, այդ ժամանակ ասվում էր, որ զինվորականները պայմանագրում ներառելու են ԿամԱԶ-ի ևս մի պարտավորություն. սեփական արտադրության, սակայն արդեն հնացած կամ օգտագործման համար ոչ պիտանի ռազմական տեխնիկայի վերանորոգում կամ արդիականացում։
Հավելենք, որ այսպես կոչված «կենսական ցիկլի» պայմանագիրը թույլ կտա ՌԴ ՊՆ-ին խուսափել ավելորդ ծախսերից, հատկապես եթե հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ռուսական բանակին տրամադրած 200 ուղղաթիռների 30%-ը կարևորագույն կառուցվածքային մասերի՝ կարճ ժամանակում շարքից դուրս գալու պատճառով, դուրս էր բերվել շահագործումից՝ նյութական վնաս հասցնելով պաշտպանության նախարարությանը։