Փետրվարի 5-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի գլխավորած Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումն (ԼՔԵՖ, անգլ․՝ LTDF) ընտրեց Լիբիայի ժամանակավոր վարչապետին և գործադիր խորհրդի նոր նախագահին:
Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
2011 թ-ին Լիբիայում սկսվել էր քաղաքացիական պատերազմ, գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: Երկրում գործում էր երկու կառավարություն․ արևելքում՝ Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել էր 2014-ին և հենվում էր երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում էր գեներալ Խալիֆա Հաֆթարը, իսկ արևմուտքում Տրիպոլի քաղաք-կենտրոնով գործում էր «Ազգային համաձայնության կառավարությունը»՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում կան նաև այլ ընդդիմադիր ուժեր։
2020 թ․ հոկտեմբերին կնքված հրադադարից հետո, դեկտեմբերին ՄԱԿ-ում Լիբիայի ժամանակավոր կառավարություն ստեղծելու որոշում էր կայացվել։ Փետրվարի 5-ին ԼՔԵՖ-ի 75 անդամները վարչապետ ընտրեցին նախկինում պետական ներդրումային և զարգացման ընկերության ղեկավար Աբդուլ Համիդ Դբեյբահին` արևմտյան Միսրաթա քաղաքից։ Արևելյան կողմից նախկին դիվանագետ Մահմեդ ալ-Մենֆին ընտրվեց որպես եռանդամ նախագահական խորհրդի նախագահ։
Վարչապետ Դբեյբահը պետք է մինչև փետրվարի 26-ը խորհրդարանին ներկայացնի նոր կառավարությունը, որից հետո խորհրդարանը պետք է հաստատի այն։ Նաև այս տարվա դեկտեմբերի 24-ին նախատեսված է անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություներ։ Նոր կառավարության անդամները խոստացել են հարգել ծրագիրը և դեկտեմբերին չառաջադրել իրենց թեկնածությունը։
Տրիպոլիի կառավարությանը սատարող Թուրքիան և Հաֆթարին աջակցող Եգիպտոսն ու ԱՄԷ-ն հրապարակավ ողջունել են նոր կառավարությանը։
Թուրքիայի արտգործնախարարությունը արել է հետևյալ հայտարարությունը.
Թուրքիան կշարունակի տալ իր աջակցությունը նոր գործադիր մարմնին տարեվերջյան ընտրություններում… և Լիբիայում անվտանգության վերականգմանը։