Փետրվարի 2-ին Բեռլինում կայացել է Թուրքիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի և Աննեգրեթ Կրամպ Կարենբաուերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության հարցը։
Այս մասին հայտնում է «Daily Sabah» օրաթերթը։
«Հավատում եմ, որ շուտով մենք կկարողանանք իրականացնել ավելի դրական և արդյունավետ աշխատանք այն շրջանակներում, որը որոշվել է մեր նախագահի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումներից հետո», ” ասել է Աքարը։

Գերմանիայի ՊՆ-ն ողջունել է Արևելյան Միջերկրականում ինքնիշխանության իրավունքի շուրջ ծագած խնդիրների լուծման համար պետությունների միջև վերսկսված բանակցությունները։ Ըստ Կրամպ Կարենբաուերի՝ Թուրքիան «հուսալի գործընկեր է և զգալի ներդրում ունի Եվրոպայի անվտանգության ապահովման գործում»։
2021 թ․ հունվարի 25-ին մեկնարկել էր Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների նոր փուլը, իսկ նախորդ տարի պետությունները մասնակցել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախաձեռնած բանակցություններին։ Այդ հանդիպումները նախատեսված էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում ռազմական միջադեպերի ռիսկը նվազեցնելու համար, սակայն եղել էին տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ։ Թուրքիան մերժել էր Հունաստանի և Կիպրոսի՝ հունական վարչության կողմից ներկայացված ծովային սահմանների պահանջը, շեշտել, որ դրանք ոտնահարում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ինքնիշխանության իրավունքները։