Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի անձնակազմը վերահսկում է Արցախում հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական կողմն օգտագործում է «Ֆորպոստ» («Форпост») և «Օռլան-10» («Орлан-10») անօդաչու թռչող սարքեր։
Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ղեկավարման կենտրոնի անձնակազմը, ԱԹՍ-ներից ստանալով տվյալներ, վերլուծում է ռազմական տեխնիկայի և անձնակազմերի տեղաշարժը, ինչպես նաև արձանագրում կողմերի միջև շփման գծի հատման դեպքերը։
Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ռուսական կողմի ներկայացուցիչ գնդապետ Զավալկինը, ով նախկինում եղել է Սիրիայում հակամարտող կողմների հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ, ավելի վաղ նշել էր, որ թուրքական կողմն էլ օգտագործելու է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հաջորդ օրը ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիր, ըստ որի Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար պետք է ստեղծվեր ռուս-թուրքական համատեղ կենտրոն։ Աղդամում տեղակայված կենտրոնն իր աշխատանքը սկսել է 2021 թ․ հունվարի 30-ից։ Հայտնի է, որ մշտադիտարկման կենտրոնում սկզբնական շրջանում տեղակայվելու են 60-ական ռուս և թուրք զինծառայողներ։