Ֆրանսիան 12 միավոր Rafale կործանիչ է պատվիրելու․ Janes

Հունվարի 29-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին հայտնել է երկրի զինված ուժերի համար 12 միավոր Rafale F3R («Ռաֆալ») տեսակի կործանիչներ պատվիրելու որոշման մասին։ Դրանք փոխարինելու են Ֆրանսիայի՝ վերջերս Հունաստանին վաճառած 12 միավոր օգտագործված Rafale-ներին։

Այս մասին գրում է Janes միջազգային հանդեսը։ Կործանիչների պատվերները ներկայացվելու են Dassault Aviation, Safran և Thales ընկերություններին: Սպասվում է, որ F3R արդիականացմամբ 12 միավոր Rafale-ները կմատակարարվեն 2025 թվականին։ Դրանից զատ՝ Ֆրանսիայի ռազմական պլանավորման մասին օրենքի հիման վրա ևս 28 կործանիչ կարտադրվի 2022 թ․ դեկտեմբերից։

Ֆրանսիայի ՊՆ-ն նշել է, որ երկրի օդատիեզերական ուժերը ընդհանուր առմամբ նախատեսում են սպառազինությունում ունենալ 129 միավոր բարելավված բնութագրերով Rafale կործանիչներ։

Ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության Rafale F3R կործանիչ

Նշենք, որ Rafale ինքնաթիռները շահագործում են 2001 թվականից։ Կործանիչի թռիչքային առավելագույն զանգվածը 24,5 տոննա է, թևերի բացվածքը՝ 11 մետր, թռիչքի ավելագույն բարձրությունը՝ շուրջ 15 կմ, իսկ առավելագույն արագությունը՝ 1900 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը 1800 կմ է։ Անձնակազմը 1 կամ 2 հոգի է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *