ՌԴ Սևծովյան նավատորմը համալրվել է «Կալիբր» հրթիռներ կրող ևս մեկ նավով

Ռուսաստանի ՌԾՈւ Սևծովյան նավատորմը հունվարի 30–ին համալրվել է «21631 նախագծի» «Գրայվորն» (ռուս․՝ Грайворон) հրթիռային փոքր նավով։ Նավը զինված է թևավոր «Կալիբր» հրթիռներով։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Գրայվորնը» 21631 նախագծի 9–րդ նավն է, իսկ Սևծովյան նավատորմում՝ 4–րդը։ Մինչև սա, 2018-2019 թթ․, նավատորմը համալրվել էր նույն նախագծի «Վիշնիյ Վոլոչոկ» (ռուս․՝ Вышний Волочек), «Օրեխովո–Զուեվո» (ռուս․՝Орехово-Зуево) և «Ինգուշեթիա» (ռուս․՝ Ингушетия) հրթիռային նավերով։

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՌԾՈւ գլխավոր շտաբի պետ Ալեկսանդր Վիտկոյի, 2021 թվականին ռուսական ռազմածովային ուժերը ստանալու են 40 միավոր ռազմանավ, որոնցից 5-6 միավորը տրամադրվելու է Սևծովյան նավատորմին։

ՌԴ Սևծովյան նավատորմի «21631 նախագծի» «Գրայվորն» հրթիռային փոքր նավը․ նկարը՝ «ՌԻԱ Նովոստի»

Սևծովյան նավատորմը ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ է մտնում։ Նավատորմը ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիական պատերազմին։ Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի կազմում գտնվող ռազմական շրջանի նավերը նաև լայնորեն կիրառել են «Կալիբր» հրթիռներ։ Նավատորմի ֆլագմանը «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *