«Ձեռնարկած քայլերը բավարար չեն բանակի խնդիրները կարգավորելու համար»

Այսօր որոշ լրատվակայքեր տարածել են մի շարք հասարակական կազմակերպությունների հետևյալ համատեղ հայտարարությունը․

2011թ. սեպտեմբերի 6-ին ներքոնշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ, որով արտահայտել էին իրենց մտահոգությունը հայկական բանակում առկա իրավիճակի, մասնավորապես` բռնությունների ու մահվան դեպքերի կապակցությամբ: Այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարին առաջադրվել են հետեւյալ պահանջները` ակնկալելով դրանց ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում մեկամսյա ժամկետում.

  • 1994 թվականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների եւ ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպում` վեր հանելու նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների.
  • երաշխիքների ապահովում` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի եւ անօրինականությունների համար.
  • զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկում` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով եւ ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին.
  • հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական եւ նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ եւ արժանապատիվ փոխհատուցում:

Սույն հայտարարությունից հետո մինչ օրս արձանագրել ենք հետեւյալը.

  • ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային դռնփակ երկու հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության, մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի, իրավապաշտպան կազմակերպությունների եւ մահացած զինծառայողների հարազատների մասնակցությամբ` քննարկելու խնդիրը.
  • ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կազմակերպել են առանձին հանդիպումներ մահացած զինծառայողների հարազատների հետ.
  • Առնչվող կառույցների ներկայացուցիչները իրենց մասնակցությունն են բերել «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված քննարկմանը եւ ներկայացրել իրենց տեսակետները բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ.
  • ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել զոհված զինծառայողների ընտանիքների տրամադրվող նպաստն ավելացնելու 21 տոկոսով` մոտավորապես` 10.000-ից 12.100 ՀՀ դրամ.
  • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արվել են հայտարարություններ զինված ուժերում ներքին կարգապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին.
  • «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում՝ ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի, մի քանի բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը` ստացել են նկատողություն.
  • ՀՀ պաշտպանության նախարարի եւ զինվորական դատախազի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման եւ պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքներին օժանդակություն կցուցաբերի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը:

Այս գործընթացին զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ զոհվածների հարազատներին փորձել են հորդորել` հրաժարվելու բանակում սպանությունների փաստերի դեմ հրապարակային բողոքներից: Իսկ սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնակատարության ժամանակ, իրավապահ մարմինները կոպտորեն խոչընդոտել են սպանված զինծառայողների հարազատների եւ հասարական ակտիվիստների բողոքի ցույցը:

Գտնում ենք, որ համապատասխան կառույցների կողմից տվյալ ժամանակահատվածում ձեռնարկված վերոնշյալ քայլերը բավարար չեն բանակում առկա խնդիրները կարգավորելու համար, իսկ ճնշումները մահացած զինծառայողների հարազատների նկատմամբ հիմք են տալիս առհասարակ կասկածի տակ դնելու նման կարգավորման համար քաղաքական կամքի առկայությունը:

Բացի այդ, արձանագրում ենք, որ մինչ օրս որեւէ հրապարակային դիրքորոշում ստեղծված իրավիճակի ու մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ չի արտահայտել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը: Հասարակությանը նաեւ հայտնի չէ նրա կողմից ձեռնարկված որեւէ կոնկրետ գործողություն այդ առնչությամբ:

Վերլուծելով նման վարքագիծը, համարում ենք, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը եւ չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից:

Ստորագրություններ

Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Լեւոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ

Սկզբնաղբյուր․ Մի քանի ՀԿ–ներ պահանջում են ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հրաժարականը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *