ԱՄՆ-ը կշարունակի Եգիպտոսին մատակարարել F-16 կործանիչները՝ չնայած այդ երկրում տիրող լարված քաղաքական իրավիճակին։ Նման որոշում է ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Associated Press-ը։
ԱՄՆ-ն և Եգիպտոսը 2010 թվականին պայմանագիր էին կնքել, որով ամերիկացիները պաշտոնական Կահիրեին վաճառելու էին 20 միավոր F-16 կործանիչ և մի քանի M1 Abrams (Մ1 Աբրամս) տանկ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1,3 մլրդ դոլար։
Ներկայում նախատեսված 20 միավոր F-16 կործանիչներից ութն արդեն մատակարարվել են Եգիպտոսին, ևս չորսը կմատակարարվեն առաջիկա մի քանի ամսում, իսկ մնացած ութը կտրամադրվեն մինչ ընթացիկ տարվա ավարտը։
Հունիսի 3-ին Եգիպտոսի զինված ուժերը հայտարարել էին երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության մասին, իսկ երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրի վրա։ Այս քայլից հետո Եգիպտոսում արյունալի բախումներ են սկսվել Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև։
Փորձագետների մի մասը ենթադրում է, որ քաղաքական զարգացումների հետևանքով ԱՄՆ-ն կարող է սառեցնել գործարքի կատարումը։