Աղդամի մշտադիտարկման կենտրոնում 60-ական թուրք և ռուս զինծառայող է լինելու. Թուրքիայի ԱԳՆ

Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել են։ Նախատեսվում է, որ այնտեղ սկզբնական շրջանում տեղակայվելու են 60 ռուս և 60 թուրք զինծառայող հավասարապես։

Այս մասին Պակիստանից վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական Sabah թերթը։

Ըստ նրա՝ թուրք զինծառայողներն արդեն սկսել են մեկնել Ադրբեջան․ «Եթե հետագայում կարիք լինի, Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնությամբ, անհրաժեշտ օգնությունն ամեն պահի կարող ենք տրամադրել»։ Կարելի է ենթադրել, որ այս հայտարարության ձևակերպմամբ հետագայում Թուրքիան ավելացնելու է տեղում իր զորքը։

Թուրք նախարարը նշել է, որ կենտրոնը ոչ թե շտաբի նման է լինելու, այլ դիտարկման կենտրոնի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Աղդամում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։ Կենտրոնում տեղակայվելու են սպաներ և ենթասպաներ։

Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին, թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել էր Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։ Ըստ թուրքական կողմի հայտարարությունների՝ զինծառայողների այս խումբն ուղարկվում է Ադրբեջան՝ անկախ մշտադիտարկման կենտրոնից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *