Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը կբացվի 10-14 օրից. Իլհամ Ալիև

Դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Աղդամում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։

Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար ստեղծվող մշտադիտարկման կենտրոնում Թուրքիան նախատեսում է տեղակայել մինչև 60 զինվորական՝ սպաներ ու ենթասպաներ։

Հուլուսի Աքարի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Հուլուսի Աքարի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը նաև հայտնել է, որ նոյեմբերի 10-ի ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության 9-րդ կետի հիման վրա մեկնարկում է Հայաստանի տարածքով Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղու շինարարությունը։ Մասնավորապես, մոտ օրերս կսկսվի երկաթուղու՝ Հորադիզ-Զանգելան (Կովսական) հատվածի շինարարությունը՝ մինչև ՀՀ սահման, որը կտևի մոտ 2 տարի։

Նշենք, որ Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ, երեկ երեկոյան ժամանել է Բաքու, հանդիպել Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում տեղակայվելու համար Ադրբեջան մեկնած թուրք զինվորականներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Աղդամում կենտրոնի կառուցման աշխատանքներին հետևում է մեկ թուրք գեներալ և ևս 100-հոգանոց թուրքական անձնակազմ։ Դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել է Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։ Իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջան է մեկնել մշտադիտարկման կենտրոնում տեղակայվելիք Թուրքիայի ԶՈւ 35 զինվորական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *