Ադրբեջանը, ՌԴ-ն ու Կուբան պատվիրել են արդիականացված Ան-2-100 ինքնաթիռներ

Ռուսաստանը, Կուբան ու Ադրբեջանը պատվիրել են հայտնի «կուկուրուզնիկ» ինքնաթիռի արդիականացրած տարբերակը՝ Ան-2-100 ինքնաթիռը։
Այս մասին «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է «Անտոնով» ուկրաինական պետական ձեռնարկություն գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան։

Նրա խոսքերով՝ բացի նշված 3 երկրներից, այլ պետություններից ևս իրենք պատրաստ են պատվերներ կատարել։ Ան-2-100 ինքնաթիռի արժեքը տատանվում է 850 հազարից մինչև 1 մլն դոլար՝ կապված պատվիրողի պահանջներից ու պատվերի չափից։

Նշենք, որ հուլիսի 10-ին արդիականացումից հետո առաջին անգամ օդ է բարձրացել Ան-2-100 ինքնաթիռը։ Կիվան շեշտել է, որ փորձնական թռիչքները դեռ նոր են մեկնարկում, իրենք ծրագրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը իրականացնել 50 փորձնական թռիչք ու ստանալ վաճառքի արտոնագիր։

Նոր ինքնաթիռը նախատեսված է տեղական ավիաուղիների շրջանակներում ուղևորներ ու բեռներ փոխադրելու համար։

Ան-2-100 ինքնաթիռ

Ան-2-100 ինքնաթիռ

Արդիականացված տարբերակը, համաձայն ստեղծողների վկայությունների, նախատիպից տարբերվում է ուկրաինական «Մոտոր-սիչ» ձեռնարկության արտադրած նոր տուրբինապտուտակավոր շարժիչով, որը ԱՊՀ երկրներում չարտադրվող ավիացիոն բենզինի փոխարեն այժմ աշխատում է ավիացիոն կերոսինով։ Բացի այդ, Ան-2-100-ն իր նախատիպից 200 կգ-ով թեթև է։

Արդիականացված ինքնաթիռի անձնակազմը կրկին 2 հոգի է, իսկ ուղևորների թույլատրելի քանակը՝ 12։

Կիվայի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի տարածքում ներկայումս առկա Ան-2 բոլոր ինքնաթիռներն արդիակացվելու են Ան-2-100-ի. Ուկրաինան այժմ ունի 135 միավոր Ան-2, որոնցից թռիչք կատարելու ենթակա է ընդամենը 54-ը։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր՝ հուլիսի 11-ին, սկսել են շրջանառել այս լուրը՝ չնայած նրան, որ Ադրբեջանի կողմից պատվերի, հավանական պայմանագրի կնքման ժամկետների ու պատվիրված ինքնաթիռների քանակի մասին որևէ մանրամասներ հայտնի չեն։

Գիտենք միայն, որ ըստ «Ավիապորտ» լրատվամիջոցի տվյալների՝ Ադրբեջանի տարածքում ներկա դրությամբ կա 63 միավոր Ան-2 «կուկուրուզնիկներ», սակայն դրանցից քանիսն են ենթակա թռիչք կատարելու, ևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ նույն «Ավիապորտ»-ը հայտնել էր՝ 2004-ին Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայության շրջանակներում ստեղծվել է հատուկ ավիաջոկատ՝ 3 միավոր Ան-2 ինքնաթիռների ընդգրկմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *