Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունն այց է կատարել Ադրբեջան

Դեկտեմբերի 30-ի երեկոյան Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ, ժամանել է Բաքու։ Նրանց դիմավորել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Այցի ընթացքում Թուրքիայի ՊՆ-ին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային և ռազմածովային ուժերի հրամանատարները։

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԳՇ պետը, ցամաքային և ռազմածովային ուժերի հրամանատարները՝ Բաքվում

Հուլուսի Աքարն ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպել է Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում տեղակայվելու համար Ադրբեջան մեկնած թուրք զինվորականներին։ Հանդիպման լուսանկարներից երևում է, որ այնտեղ է նաև թուրք գեներալ Գյոքսել Քյահյան, ով համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը Արցախում, իսկ մինչ այդ՝ Լիբիայում։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում անօդաչու թռչող սարքերով հետախուզություն իրականացնելու մասին։

Գյոքսել Քյահյա
Գեներալ Գյոքսել Քյահյա․ նկարում Հուլուսի Աքարից՝ ձախ

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Աղդամում կենտրոնի կառուցման աշխատանքներին հետևում է մեկ թուրք գեներալ և ևս 100-հոգանոց թուրքական անձնակազմ։ Դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել է Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։ Իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջան է մեկնել մշտադիտարկման կենտրոնում տեղակայվելիք Թուրքիայի ԶՈւ 35 զինվորական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *