Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ հերքվում է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդումներն այն մասին, որ երեկ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։
Այնուհանդերձ, ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմը «փորձում էր հավելյալ տեղեկություններ պարզել»՝ չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։
Ադրբեջանական կողմին հերքում է նաև Արցախի Պաշտպանության բանակը։
«Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել»․– նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին Արցախի Հադրութի շրջանում հայ-ադրբեջանական բախումների մասին, որոնց արդյունքում երկու կողմն էլ ունի զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մասնավորապես հայտնում էին, որ ադրբեջանական կողմն ունի 2 կորուստ, 5 վիրավոր, 1 գերի, իսկ հայկական կողմը՝ 6 զոհ և 6 գերի։
Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն մասամբ հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, թե դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, հայկական 6 հոգանոց խմբի հարձակման հետևանով սպանվել է 1982 թ․ ծնված սերժանտ Գանբարով Էլմիր Ռայիլ օղլուն (Qənbərov Elmir Rayil oğlu), իսկ Ալիև Էմին Սյուլեյման օղլուն (Əliyev Emin Süleyman oğlu) ստացել է վիրավորում։