Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2021 թ. հունվարի 1-30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրման և ծառայությունն ավարտածների զորացրման վերաբերյալ հրամանագիրը։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report լրատվակայքը։
Ադրբեջանի նախագահի հրամանագրի համաձայն՝ հունվարի 1-ից 30-ը զորակոչվելու են 2003 թ. ծնված և մինչև զորակոչի օրը 18 տարին լրացած, ինչպես նաև 1986-2002 թթ. ծնված և մինչև 35 տարեկանը Ադրբեջանի զինված ուժերում չծառայած, զինծառայության հետաձգման իրավունք չունեցող Ադրբեջանի Հանրապետության՝ արական սեռի քաղաքացիները։
Նշենք, որ Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։
Ադրբեջանցի երիտասարդները բացի բանակից նաև զորակոչվում են այլ զինված կառույցներ, այդ թվում՝ Պետական սահմանապահ ծառայություն (ՊՍԾ), Արտակարգ իրավիճակների նախարարություն (քաղպաշտպանության զորքեր), Ներքին զորքեր (ՆԳՆ), Պետական հատուկ պահպանության ծառայություն, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։