Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է թուրքական զորքի տեղակայման ժամկետը 2021 թվականի հունվարի 2-ից՝ Լիբիայում, և 2021 թվականի հունվարի 6-ից Աֆղանստանում 18 ամսով երկարաձգելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի միջնորդությունները։
Այս մասին հայտնում է թուրքական TRT լրատվականը։ Նախագահը Լիբիայի վերաբերյալ նախագիծը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հաստատմանն էր ներկայացրել դեկտեմբերի 12-ին, Աֆղանստանի վերաբերյալ միջնորդությունը՝ դեկտեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստում ընդունվել էր 1 տարի ժամկետով Լիբիա թուրքական զորք ուղարկելու որոշում։ Մինչ այդ` 2019թ. դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել էր Թուրքիայի և Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ-GNA) միջև «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Նշենք, որ այս տարվա հուլիսից Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանը» ենթակա Տրիպոլիի ռազմական քոլեջի շուրջ 200 կուրսանտ ուսում է ստանում Թուրքիայում, իսկ սեպտեմբերի 21-ին ԱՀԿ պաշտպանության նախարար Սալահադդին ան-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի հետ միասին սկսել են լիբիական կանոնավոր բանակի ձևավորման, հակաօդային պաշտպանության, ռազմածովային ուժերի, հակաահաբեկչական և հատուկ նշանակության ջոկատների զարգացման ուղղությամբ աշխատանքները:
2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր: