Հունաստանը Ֆրանսիայից կգնի 6 միավոր նոր և 12 միավոր օգտագործված Rafale («Ռաֆալ») կործանիչներ։ Կործանիչների համար Հունաստանը կվճարի 1.9 մլրդ եվրո (~2.3 մլրդ դոլար), իսկ դրանց սարքավորումների համար՝ 400 մլն եվրո (~0,5 մլն դոլար)։
Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոս Պեցասը, փոխանցում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։
Առաջին 6 միավոր օգտագործված կործանիչները Հունաստանին կմատակարարվեն 2021թ. հունիսի մոտակայքում, իսկ մնացածը՝ մինչ 2023թ. կեսը։

Հիշեցնենք, որ Հունաստանի՝ այս կործանիչների գնելու մտադրության մասին սեպտեմբերի սկզբին հայտարարեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ նշելով, որ կործանիչները գնում են Mirage 2000 կործանիչները փոխարինելու համար։
Այս հայտարարությունը հունական կողմից հնչում էր Միջերկրական ծովի շուրջ ծավալված թուրք-հունական կոնֆլիկտի ֆոնին, որտեղ Ֆրանսիան բացահայտ աջակցություն է հայտնում Հունաստանին։ Կոնֆլիկտի պատճառը Կրետե կղզուց Կիպրոս ընկած ծովային տարածությունում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է, թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան պնդում են, որ այդտեղ հետախուզական գործողություններ անելու իրավունք ունեն։