Թուրք-ռուսական մշտադիտարկման կենտրոնն Աղդամում կլինի. Թուրքիայի ԱԳՆ

Արցախում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կետը կլինի այն վայրում, որտեղ կնշի Ադրբեջանը, այդպես է նշված կենտրոնի ստեղծման մասին ռուս-թուրքական համաձայնագրում։ Մշտադիտարկման կենտրոնը Աղդամում (Ակնա), այդ շրջաններում կլինի։

Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն

Թուրք նախարարը հայտարարել է նաև, թե «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը օգտակար կլինի նաև հայ ժողովրդի համար, կնպաստի առևտրի սկսվելուն․․․։ Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները Հայաստանի տնտեսությանն էլ են շատ վնասել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հաջորդ օրը ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիր, ըստ որի Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար պետք է ստեղծվեր ռուս-թուրքական համատեղ կենտրոն։

Թուրքիան հայտարարում էր, որ այն լինելու է «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում», իսկ ՌԴ-ն, կարծես հերքելով թուրքական կողմի հայտարարությունը, պնդում էր, թե այն «լինելու է Ադրբեջանի տարածքում»։

Նշենք, որ Աղդամը, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ միասին, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել է Ադրբեջանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *