ՊԲ. ՊԲ-ն որոնում է Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած զինծառայողներին

Դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության Բանակի կայքը։

«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում ադրբեջանցի զինծառայողները ցույց տալով հայկական բանակի մի խումբ զինծառայողների նշում են, որ նրանց գերեվարել են։ Դեկտեմբերի 15-ի ուշ գիշեր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել և պարզաբանում պահանջել Արցախի Պաշտպանության բանակից։

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը դեկտեմբերի 12-ին գրոհով հայկական կողմից խլել էին ադրբեջանցիները։ Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների թարմացրած քարտեզի համաձայն գյուղերը վերահսկվում էին ռուսների կողմից, սակայն ավելի ուշ այն փոփոխվել էր և քարտեզից անհետացել էին այդ տեղանքում ռուսական դիտակետերը։

Հադրութի այս գյուղերը, նոյեմբերի 10-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն, մնում էին հայկական կողմի վերահսկողության տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *