[Թարմացված] Ռուսական կողմի միջնորդությամբ երեք հայ գերի տեղափոխվել է Հայաստան

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել երեք հայ ռազմագերի։

[Թարմացում] Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ:
Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։
Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ դեռևս անհայտ հանգամանքներում: [Թարմացում]

Այս մասին հայտնում է Tert.am լրատվակայքը։ Նշվում է, որ մինչ այդ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հաստատել էր տեղեկությունը, որ առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության վարած բանակցությունների արդյունքում հնարավոր էր դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *